Թեթև գրաքննություն
«Թաքնված գրաքննություն»-ը կամ «պետական անուղղակի գրաքննություն»-ը մեդիան մանիպուլացնելու և վերահսկելու արդյունավետ միջոց է, որն իրականացվում է ոչ թե ուղղակի և բռնի մեթոդներով, այլ՝ անուղղակի ճնշման միջոցով։
Թաքնված գրաքննությունը կիրառվում է պաշտոնատար անձնանց և նրանց գործունեության դրական լուսաբանումը խթանելու և պաշտոնատար անձնանց և նրանց գործունեությունը քննադատող լրատվամիջոցներին պատժելու համար։ Այն կարող է արտահայտվել պետական մարմինների, պաշտոնատար անձնանց, նրանց վարած քաղաքականության և գործունեության լուսաբանման վրա ազդեցություն ունենալով՝ լրատվամիջոցներին տրամադրվող գումարների, ինչպիսիք են սուբսիդիաները, գովազդը, այլ պայմանագրերը կամ աջակցությունը, տրամադրման կամ դրա դադարեցման միջոցով։ Թաքնված գրաքննության այլ ձևերն են լիցենզավորման, թույլտվությունների և կարգավորումների սելեկտիվ կիրառումը՝ լրատվական ընդհանուր դաշտը ձևավորելու, կոնկրետ լրատվամիջոցների տնտեսական կենսունակությունը խթանելու կամ նվազեցնելու, և/կամ առանձին լրագրողներին նրանց կողմից ստեղված մեդիաբովանդակության համար պարգևատրելու կամ պատժելու նպատակով։
թաքնված գրաքննության հինգ կատեգորիա
- Պետական գովազդ․ Հանրային միջոցների օգտագործումը գնումների գործընթաց սկսելու ու մրցույթներ հայտարարելու կամ պետական քաղաքականությունը, ծրագրերը կամ ծառայությունները հանրահռչակելուն ուղղված՝ լրատվամիջոցներում տեղեկատական արշավների համար։ Պետական գովազդի չարաշահումը կարող է ներառել գովազդ, որը հանրահռչակում է կոնկրետ պաշտոնյայի կամ քաղաքական կուսակցության, կամ երբ դրա տեղադրումն օգտագործվում է մեդիաբովանդակության վրա ազդելու համար։
- Սուբսիդիաներ․ պետության կամ պետության կողմից ֆինանսավորվող մարմնի կողմից տրամադրվող աջակցություն կոնկրետ լրատվամիջոցին կամ լրատվական դաշտին։ «Թաքնված սուբսիդիան» հանրային միջոցներով կոնկրետ լրատվամիջոցին տրամադրվող ֆինանսական աջակցությունն է, որը պաշտոնապես չի սահմանվում կամ գրանցվում որպես սուբսիդիա։
- Վճարվող «նորություններ»․ նորությունների տեսքով ներկայացվող մեդիա բովանդակություն, որը ստեղծվել է պատվերով՝ գումարի դիմաց, որտեղ ֆինանսավորումն ուղղված է կոնկրետ խնդիրների կողմնակալ լուսաբանումը խթանելուն։
- Կաշառք և վճարումներ․ լրագրողներին, խմբագիրներին և լրատվամիջոցներին առաջարկվում է, և վերջիններս իրենք են երբեմն փնտրում ուղղակի վճարումներ կամ այլ փոխհատուցում իրենց հոդվածների բովանդակության դիմաց։
- Այլ վարչական ճնշումներ․ այս դեպքերում լիցենզիաները, ներմուծումները, աուդիտները կամ հարկերն օգտագործվում են որպես թաքնված գրաքննության գործիքներ, չնայած թաքնված և կոշտ գրաքննության սահմանները կարող են լինել ոչ հստակ, և երկուսի նպատակն էլ կարող է լինել անկախ կամ քննադատական կարծիքը լռեցնելը։
Թաքնված գրաքննությունը լրատվամիջոցների վրա ցավոտ ազդեցություն ունի։ Լուրերի լուսաբանման գործընթացի վրա ճնշումների բանեցումը ֆինանսական միջոցների՝ կողմնակալ, ոչ թափանցիկ բաշխման կամ այլ ֆինանսական գործիքների միջոցով կարող է ինքնագրաքննության պատճառ դառնալ, որը կսահմանափակի տեղեկատվության տարածումը, և մամուլն ազատ կթվա միայն առաջին հայացքից։
Պաշտոնական թաքնված գրաքննության մարտավարությունն ամբողջ աշխարհում լրատվամիջոցների մանիպուլյացիայի եւ վերահսկողության ամենաարագ տարածվող եւ անհանգստանալու աստիճան արդյունավետ միջոցն է: Թաքնված գրաքննության տեխնոլոգիաները շատ ավելի քիչ տեսանելի եւ կտրուկ են, քան լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ակնառու ճնշումները, որոնք գրավում են մամուլի ազատության եւ մարդու իրավունքների համար պայքարող խմբերի անմիջական եւ ինտենսիվ ուշադրությունը։ Մինչդեռ, թաքնված գրաքննությունն իր համեմատաբար աննկատ լինելու պատճառով կարող է բացահայտ չերևալ․ հասարակությունը, որին չի տրամադրվում ճշգրիտ եւ անկողմնակալ տեղեկատվություն, ամենայն հավանականությամբ, տեղյակ եւ պատշաճ կերպով զգուշացված չէ այդ տեղեկատվության գոյության եւ դրա ազդեցության մասին: Հետեւաբար, չափազանց կարեւոր է շահագրգռել այն կազմակերպություններին, որոնք ունակ են եւ ունեն համապատասխան որակավորում, ուսումնասիրելու եւ բացահայտելու նման ազդեցությունը: Կարեւոր է ուսումնասիրել թաքնված գրաքննության ազդեցությունը եւ փորձել պայքարել դրա դեմ:
Թաքնված գրաքննության մասին խոսելիս՝ առցանց լրատվամիջոցներն ավելի արդիական են դառնում, քանի որ արդի տեխնոլոգիական տեսանկյունից զարգացած հասարակությունում առցանց լրատվամիջոցների դերն էլ ավելի է մեծանում: Առցանց լրատվամիջոցների գործունեությունը, հեռուստատեսության եւ ռադիոյի հեռարձակման հետ համեմատած, ավելի քիչ ֆինանսական եւ վարչական դժվարությունների է առնչվում, ինչը ուղեկցվում է մի շարք դրական եւ բացասական հետեւանքներով: Որոշ երկրներում հաստատված պրակտիկա է առցանց լրատվական գործակալությունների ծառայությունների օգտագործումը պետության կողմից, եւ կարեւոր է մշտադիտարկել, թե արդյոք կառավարությունը օգտագործում է այդ ծառայությունը պետական շահերի փոխարեն կուսակցական կամ անձնական շահերի խթանման համար:
WAN-IFRA-ի հանձնարարականները
- Արդար եւ թափանցիկ պաշտոնական գովազդը երաշխավորող օրենքներն ու կանոնակարգերը պետք է ընդունվեն եւ պատշաճ կերպով կիրառվեն:
- Հաստատագրված չափանիշների հիման վրա անկողմնակալ լսարանի չափման համակարգեր պետք է ստեղծվեն՝ հավաստիանալու համար, որ գովազդի բաշխումը կարող է հիմնված լինել տեխնիկական չափանիշների վրա:
- Լրատվամիջոցների զարգացման և աջակցության համար նախատեսված պետական բոլոր միջոցները պետք է բաշխվեն հանրային մրցույթների միջոցով՝ թափանցիկության և խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա՝ հավասար պայմաններ ապահովելով բոլոր լրատվամիջոցների համար։
- Լրատվամիջոցների զարգացման և աջակցության համար նախատեսված պետական բոլոր միջոցները պետք է տրամադրվեն թափանցիկ կերպով՝ աուդիտի և հաշվետվությունների ներկայացման հստակ կանոնների պահպանմամբ։
- Օրենսդրությամբ պետք է նախատեսվեն զգալի տուգանքներ պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար, որոնք կխախտեն հանրային միջոցների օգտագործման սահմանափակումները՝ ծառայեցնելով դրանք անձնական կամ կուսակցական շահերին։
- Քոնթենթի ստեղծման համար տրամադրվող ցանկացած պետական աջակցություն պետք է հստակորեն տարանջատված լինի պետության՝ որպես գովազդատուի դերից՝ խմբագրական անկախության և անձեռնմխելիության հստակ երաշխավորմամբ, և պետք է ենթակա լինի թափանցիկ ստուգման։
- Լրատվամիջոցների սեփականատերերը և լրագրողները պետք է ընդունեն վարքագծի հստակ կանոններ, որոնք կարգելեն լուսաբանման վրա ազդելու նպատակ ունեցող կաշառքի կամ ցանկացած այլ նվերի կամ փոխհատուցման ընդունումը։