Մեդիայի դերն ու գործառույթները
Լրատվամիջոցը (լատիներեն՝ մեդիում) հաղորդակցման ուղի է, որի միջոցով փոխանցվում են տարբեր տեսակի նորություններ, ժամանցային եւ կրթական տեղեկատվություն, վիճակագրական տվյալներ, գովազդ եւ այլ բովանդակություն: Ուղղակի հաղորդակցության փոխարեն, տեղեկատվությունը, ինչպես նաև զանազան քոնթենթ փոխանցվում են մի քանի եղանակներով.
- Տպագիր․ թերթեր, հանդեսներ, տեղեկագրեր, գրքեր, կոմիքսներ և այլն։
- Վիզուալ․ հեռուստատեսություն, ֆիլմեր, լուսանկարներ, նկարներ։
- Աուդիո․ ռադիո, երաժշտություն, կոմպակտ դիսկեր, MP3 ֆայլեր։
- Թվային․ Ինտերնետ, սոցիալական ցանցեր, էլ․փոստ, տեսախաղեր։
Լրատվամիջոցների յոթ հիմնական գործառույթները
- Տեղեկացնել․ Լրատվամիջոցների հիմնական գործառույթը քաղաքացիներին այն տեղեկատվության տրամադրումն է, որի կարիքը վերջիններս ունեն իրեն ինքնավարության և քաղաքացիական ազատությունների իրացման համար։ Ժողովրդավարական հասարակությունում անձինք որոշումներ են կայացնում տեղեկատվության հիման վրա, հետևաբար՝ իրազեկ քաղաքացին ժողովրդավարական գործընթացի կարևոր դերակատար է։ Լրատվամիջոցն, իր հերթին, կարևոր դեր ունի հասարակությանը զանազան, վստահելի և ճշգրիտ տեղեկատվության տրամադրման առումով։
- Կրթել․ Լրատվամիջոցները ոչ միայն պետք է տեղեկատվություն տրամադրեն հասարակությանը, այլ նաև համատեքստ, ինչպես նաև բացատրեն, թե ինչպես կարող է ազդել քաղաքականությանն առնչվող այս կամ այն որոշումը կամ կարգավորումը իրենց կյանքի վրա։
- Մշտադիտարկել․ Լրատվամիջոցները նաև համարվում են չորրորդ իշխանություն, քանի որ դրանց հիմնական գործառույթներից մեկն է մշտադիտարկել և վերահսկել իշխանության երեք ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների գործունեությունը։ Սա է պատճառը, որ լրատվամիջոցների այս գործառույթը կոչվում է հանրային հսկիչի գործառույթ։ Լրատվամիջոցներիը սկեպտիկորեն գնահատում են իշխանությունների գործողությունները և ուղերձները և ապահովում դրանց հաշվետվողականությունը և թափանցիկությունը։
- Հանրային ֆորում․ Լրատվամիջոցները հարթակ են տրամադրում հասարակական քննադատության և դեբատների համար, որը պետք է ապահովի կարծիքների բազմազանություն և քաջալերի բազմակարծությունը։ Հասարակության համար կարևոր հարցերի շուրջ հանրային քննարկումները պետք է հիմնված լինեն փաստերի վրա, և այս գործընթացում լրատվամիջոցները պետք է մոդերատորի դեր ստանձնեն։
- Ջատագովություն․ Լրատվամիջոցների միջոցով մեդիա ջատագովությունը ենթադրում է ազդեցություն որոշումների կայացման գործընթացի վրա։
- Ժամանց․ Ժամանցի ապահովումը լրատվամիջոցների գործառույթներից մեկն է։ Սպառողները հաճախ լրատվամիջոցներից ակնկալում են լիցքաթափող և զվարճալի քոնթենթ։ Ֆիլմերի, սերիալների, սպորտային ծրագրերի և ժամանցային տարբեր ծրագրերի միջոցով լրատվամիջոցները վերականգնող գործառույթ են իրականացնում։
- Վաճառել․ Լրատվամիջոցները ապրանքների, ծառայությունների և գաղափարների գովազդի և վաճառքի տարածք են, այսինքն գովազդների տարածման և լսարանին կոնկրետ ծառայություններ առաջարկելու հիմնական միջոցն են։