Տեղեկատվություն
- Ճշգրտություն․ Պատմությունը պետք է ներկայացվի ճշգրիտ, փաստերը պետք է հիմնված լինեն ծանրակշիռ ապացույցների վրա, մեջբերումները պետք է լինեն ճշգրիտ և որևէ խեղաթյուրումից զերծ, աղբյուրները պետք է իդենտիֆիկացվեն։
- Ամբողջականություն․ Տեղեկատվությունը պետք է նպաստի լսարանին իրազեկելուն և պետք է լինի էականորեն ամբողջական։ Էականորեն ամբողջական ասելով՝ հասկանում ենք, որ տեղեկատվությունը բավարար տվյալներ է պարունակում, որոնք բացառում են փաստերի և դրանց համատեքստի ոչ ճշգրիտ ընկալումը։
- Արդարություն և հավասարակշռություն․ Տեղեկատվությունը պետք է լինի արդար և հավասարակշռված։ Պատմությունը պետք է ներկայացնի խնդրի էությունը հասկանալուն օգնող բոլոր կարծիքները։
Աղբյուրներ և հավասարակշռություն
Աղբյուրը պատմության նշանակալի բաղադրիչն է։ Աղբյուրների և տեղեկատվության ստուգման հիմնական սկզբունքները նկարագրվել են հույն պատմիչ Ֆուկիդիդեսն իր «Պելոպոնեսյան պատերազմի պատմություն» գրքի նախաբանում դեռ մ․թ․ա․ 5-րդ դարում։
- Մարդկային աղբյուրները ներառում են առաջնային աղբյուրներ (գործընթացի անմիջական մասնակիցները, ականատեսները) և երկրորդային աղբյուրներ (փորձագետները, կոնկրետ ոլորտի ներկայացուցիչները, կառավարությունը կամ շահագրգիռ կողմերը)։
- Նյութական աղբյուրները ներառում են փաստաթղթեր, լուսանկարներ և տեսանյութեր, ձայնագրություններ, վիճակագրություն, տեղեկագրքեր, հոդվածներ և այլն։
- Ինտերնետային աղբյուրները ներառում են թե՛ մարդկային, թե՛ նյութական աղբյուրներ։ Հաշվի առնելով թվային աղբյուրների առատությունը՝ դրանց վստահելիությունը ստուգելու համար հավելյալ ջանքեր են պահանջվում։
Տեղեկատվության անհատական աղբյուրը երբեք չեզոք չէ: Հետեւաբար, լրագրողը պետք է հաշվի առնի տեղեկատվության աղբյուրի հնարավոր շահագրգռվածությունը եւ կողմնակալությունը, եւ գործի «երկու աղբյուրի սկզբունքով»: Այս սկզբունքը պահանջում է տեղեկատվության ստուգում առնվազն երկու անկախ աղբյուրների հետ: Բացի այդ, պատմությունը կարող է ունենալ ավելի քան երկու մասնակցող կողմ, եւ բոլոր կողմերին պետք է հնարավորություն տրվի ներկայացնել իրենց դիրքորոշումը, հավաստիանալու համար, որ տեղեկատվություն ստացողին ներկայացվում է իրադարձության համապարփակ պատկերը:
Լրագրողը կարող է ապավինել անանուն աղբյուրին, երբ դրա կարիքը կա, քանի որ որոշ աղբյուրներ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ համաձայնում են տեղեկատվություն տրամադրել միայն գաղտնիության պահպանման պայմանով։ Նման դեպքերում լրագրողները, առաջին հերթին, պետք է համոզվեն, որ անանուն աղբյուրները վստահելի են, պարզեն անանուն աղբյուրի շարժառիթը, ստուգեն տրամադրված տեղեկատվությունը այլ աղբյուրների հաշվառմամբ, ձեռք բերեն փաստաթղթեր կամ այլ ապացույցներ, որոնք կհամոզեն լրագրողին, որ ներկայացված փաստը համապատասխանում է իրականությանը։ Լրագրողները պետք է տեղեկացնեն իրենց լսարանին, որ իրենց աղբյուրները անանուն են՝ դրանով իսկ իրենց գործունեությունը դարձնելով թափանցիկ եւ վստահելի: Միեւնույն ժամանակ լրագրողը երբեք չպետք է օգտագործի անանուն աղբյուր երրորդ կողմի կարծիքը ներկայացնելու համար:
Լրագրողական նյութում փաստը պետք է հստակ տարանջատված լինի կարծիքից։
- Փաստը մի բան է, որն ապացուցելի է։
- Կարծիքը կոնկրետ անձի համոզմունքն է կամ վերաբերմունքը և ապացուցելի չէ։ Կարծիքը կարող է հիմնված լինել փաստերի և էմոցիաների վրա։
Հարկ է նշել, որ մեկնաբանության վրա հիմնված մամուլը հիմնականում բնորոշ է բեւեռացված բազմակարծության մեդիա մոդելին, իսկ տեղեկատվական ուղղվածություն ունեցող լրատվամիջոցները բնորոշ են ազատ մեդիա մոդելին:
Անաչառ լուսաբանում ապահովելու համար լրագրողը, նյութի վրա աշխատելիս, պետք է հավասարակշռություն պահպանի և պատշաճ կերպով ներկայացնի յուրաքանչյուր կողմի դիրքորոշումը: Հավասարակշռության պահպանում է նշանակում ոչ թե բոլոր կողմերի կարծիքները թվաբանորեն հավասար քանակով ներկայացնելը, այլ ավելի շուտ բոլոր կարեւոր կարծիքները հավասարապես ներկայացնելը: Նյութը կարող է արտացոլել երկու կողմերի փաստարկները, սակայն այն կողմնակալ կլինի, եթե ներկայացված ապացույցներն ու կարծիքները նպաստավոր են միայն մեկ կողմի համար։
Ի՞նչ է նորությունը։
Նորությունների հիմքում «նոր» բառն է։ Նորությունը տեղեկատվություն է, որը նոր է, կարևոր, տեղին կամ հետաքրքիր։
Մելվին Մենչերի համաձայն՝ իրադարձությունների հիշարժանությունը որոշվում է հետևյալ չափանիշներով․
- Պատեհաժամություն․ Այսօրվա իրադարձություններն ավելի արժանահիշատակ են, քան երեկվանները․
- Ազդեցություն․ Որքան շատ մարդու վրա է ազդեցություն գործում պատմությունը, այնքան մեծ է այն․
- Հայտնիություն․ Որքան հայտնի է պատմությունը, այնքան մեծ է այն․
- Հասանելիություն․ Որքան մոտ է իրադարձությունը, այնքան մեծ է այն․
- Կոնֆլիկտ․ Ճակատամարտ կամ դեբատ․ պայքարը նորություն է ստեծում․
- Անսովորություն․ Անսպասելի և տարբեր = նորություններ․
- Թեմատիկ․ հանկարծ լռությանը ձայն է տրվում։
- Անհրաժեշտություն․ Իրավիճակ, որը լրագրողը ստիպված է բացահայտել։
Նորությունը պետք է լսարանին տեղեկացնի, թե ինչ է տեղի ունեցել, երբ եւ որտեղ է տեղի ունեցել եւ ով է ներգրավված եղել: Լավ լուրը նաեւ պատասխանում է այն հարցին, թե ինչպես եւ ինչու է տեղի ունեցել դեպքը: Այսպիսով, նորությունը պատասխանում է վեց հարցի. Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս, ինչու՞: «Ինչու՞» հարցին պատասխանը կարող է տարբեր լինել եւ, հետեւաբար, լրագրողը պետք է նկարագրի իրադարձությունը չեզոք ձեւով եւ փնտրի իրադարձության պատճառների մասին տարբեր կարծիքներ:
Օրակարգի սահմանում
ԶԼՄ-ների կողմից օրակարգի սահմանումը զանգվածային հաղորդակցության տեսություն է, որը ենթադրում է, որ ԶԼՄ-ները ունակ են հասարակությանը պատմելու այն, ինչը կարեւոր է նրանց համար:
Օրակարգի սահմանման տեսությունը հիմնվում է այն ենթադրության վրա, որ հանրային օրակարգը, այսինքն այն, ինչ մարդիկ քննարկում են, մտածում, ինչով մտահոգված են, մեծապես կախված է եւ բխում է այն թեմայից, որը լրատվամիջոցները որոշում են լուսաբանել: Սա նշանակում է, որ եթե լրատվամիջոցները որոշեն ինտենսիվորեն լուսաբանել բյուջեի դեֆիցիտը, ապա այս թեման կդառնա հանրային օրակարգի ամենակարեւոր հարցը: Օրակարգի սահմանելով՝ լրատվամիջոցները ազդում են հասարակական կարծիքի վրա: Հարկ է նշել, որ երբ ԶԼՄ-ները փորձում են տեղեկացնել հասարակությանը ընթացիկ իրադարձությունների մասին, ոչ միայն արտացոլում են իրականությունը, այլեւ, միևնույն ժամանակ, զտում են որոշակի տեղեկատվություն եւ որոշում, թե որ հարցնեն դարձնելու օրակարգային:
Ինչպե՞ս քննադատորեն վերլուծել լուրը։
- Մեդիա սպառողը պետք է կարոնա տարբերակել նորությունները խմբագրական կարծիքից։ Խմբագրությունը ներկայացնում է լրագրողի անձնական կարծիքը այս կամ այն փաստի կամ իրադարձության վերաբերյալ, մինչ նորությունը պետք է զերծ լինի լրագրողի կամ խմբագրի կարծիքից։
- Պատմությունն անանու՞ն է, թե՞ հեղինակ ունի։ Որքանո՞վ է հեղինակը վստահելի։
- Արդյո՞ք պատմության մեջ հղում է արվում առնվազն երկու անկախ աղբյուրի։
- Ովքե՞ր են աղբյուրները և որքանո՞վ է զանազան աղբյուրների սպեկտրը։
- Արդյո՞ք լրագրողը կիրառում է երկակի ստանդարտներ տարբեր աղբյուրների հանդեպ։
- Արդյո՞ք սպառողին տրվում է հնարավորություն ծանոթանալու տարբեր կողմերի փաստարկներին իր կարծիքը ձեևաորելու նպատակով։
- Արդյո՞ք պատմությունը ներկայացվում է չեզոք կերպով կամ կողմերից մեկի տեսանկյունից։
- Արդյո՞ք լրագրողը մեկնաբանում է փաստերը։
- Արդյո՞ք պատմությունից բացակայում է մի հարց, որն էական է այն հասկանալու համար։
- Արդյո՞ք կոնտեքստը ներկայացվում է։
- Արդյո՞ք վերնագիրը և լուսանկարը համապատասխանում են տեքստին։
- Արդյո՞ք ռեպորտաժը ստերեոտիպային է։
- Արդյո՞ք լրագրողն օգտագործում է չեզոք լեզու։
- Երբ հարցը հանրային հետաքրքրություն է վայելում, արդյո՞ք այն ներկայացվում է որպես հիմնական պատմություն (երբ խոսքը գնում է հեռուստատեսային ռեպորտաժի մասին, արդյո՞ք այն լուրերի հաղորդման առաջին տեսանյութերից մեկում է ներկայացվել։ Տպագիր կամ առցանց մամուլի դեպքում արդյո՞ք այն ներկայացվել է առաջին էջերում)։
- Արդյո՞ք բոլոր հիմնական լրատվամիջոցները լուսաբանում են նույն կարևոր պատմությունը, թե՞ կան լրատվամիջոցներ, որոնք խուսափում են լուսաբանել կոնկրետ խնդիրներ։