Տրոլեր և բոտեր
Տրոլն
Դասական ինտերնետային տրոլի հիմնական եւ ամենակարեւոր հատկանիշներից մեկն այն է, որ վերջինս միշտ թաքցնում է իրական ինքնությունը՝ օգտագործելով սոցիալական ցանցերի կեղծ հաշիվներ եւ տրամադրելով կեղծ տեղեկատվություն կամ, ընդհանրապես, որևէ անձնական տեղեկատվություն չի տրամադրում։ Խոսելով անձնական տեղեկատվության մասին՝ այս դեպքում, նկատի ունենք լուսանկարներ, կոնտակտային տեղեկություններ, կրթության մասին տեղեկություններ, աշխատանքի վայր, հոբբի եւ հետաքրքրությունների շրջանակ։
Հիբրիդային տրոլեր. Ի տարբերություն դասական տրոլի, որը գործում է իր հայեցողությամբ՝ համացանցում տարաձայնություններ եւ կոնֆլիկտ հրահրելու նպատակով, հիբրիդային տրոլին վարձում են որպես տեղեկատվական պատերազմի գործիք: Ամենից հաճախ հիբրիդային տրոլերը ենթարկվում են կառավարությանը կամ պետական հաստատություններին եւ վարձատրություն ստանում այս աշխատանքի համար:
Կիբեր զորքերը պետական կամ քաղաքական կուսակցությունների թիմեր են՝ ներգրավված հասարակական կարծիքը մանիպուլացնելու գործում: Օքսֆորդի ինտերնետային ինստիտուտի հետազոտության համաձայն՝ շատ կիբեր զորքեր կարող են օգտագործել առցանց մեկնաբաններին եւ սոցիալական ցանցերի կեղծ հաշիվներ` պրոկառավարական կամ պրոկուսակցական ուղերձների տարածման համար, ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս։
Կիբեր զորքերն ակտիվորեն օգտագործում են համակարգչային քարոզչությունը սոցիալական մեդիա հարթակներում։ Համակարգչային քարոզչությունը ավտոմատացման, ալգորիթմների եւ մեծ տվյալների վերլուծության օգտագործումն է հասարակական կյանքը մանիպուլացնելու համար (Հովարդ և Վուլլի, 2016թ․): Համակարգչային քարոզչությունը ներառում է.
- Կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածում սոցիալական ցանցերի հարթակներում,
- Տվյալների անօրինական հավաքագրում և միկրոպրոֆիլավորում,
- Սոցիալական ցանցերի հարթակների շահագործում արտաքին ազդեցության գործողությունների համար,
- Ատելության խոսքի կամ վնասարար քոնթենթի տարածում կեղծ հաշիվների, քաղաքական բոտերի և քլիքբայթ բովանդակության միջոցով։
բոտեր
Օքսֆորդի ինտերնետային ինստիտուտը առանձնացնում է բոտերի ևս մեկ տեսակ՝ քաղաքական բոտեր, ծրագրային ապահովման նմուշներ կամ կոդեր, որոնք նախատեսված են մարդկային վարքագծի առցանց նմանակման համար։ Նրանք կարող են օգտագործել տարբեր մանիպուլատիվ մեթոդներ, ներառյալ՝ ընտրությունների եւ հանրաքվեների ընթացքում ոչ վերաբերելի նորություններ եւ քարոզչություն տարածելը կամ պոպուլյարության կամ աջակցության կեղծ տպավորություն ստեղծելը՝ հավանելով կամ տարածելով պատմություններ, որոնք խոսույթից վերջնականապես դուրս են մղում քաղաքականության մասին իրական առցանց խոսակցությունը ։
Բոտերը կարող է զգալիորեն ազդել օնլայն քննարկումների եւ դեբատների վրա, հատկապես ցանցավորման միջոցով: Բոտերը օգտագործվում են, երբ հաճախորդը ցանկանում է.
- Ստեղծել թրենդային հաշթագ (պիտակ) կամ բառակապակցություն,
- Տարածել կոնկրետ ուղերձ և սատարել դրան,
- Ահաբեկել և վարկաբեկել այլ օգտատերերի,
- Մեծացնել արհեստական «հավանումները» և հետևորդների քանակը։
Ինչու՞ են օգագործվում տրոլերը և բոտերը։
-
Ցանկացած հարցի վստահելիության հարցում համոզելու համար,
-
Կոնկրետ թեմայի կամ պատմության շուրջ մարդկանց մոբիլիզացնելու համար,
-
Կոնկրետ գաղափարախոսության շուրջ հասարակության լայն շերտերի աջակցությունը ստանալու համար,
-
Օգտատերերին ապակողմնորոշելու համար,
-
Նրանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար։
Այդ նպատակներին հասնելու համար կեղծ պրոֆիլներն ու ավտոմատացված հաշիվները տարածում են համապատասխան քոնթենթ, շփվում են իրական օգտատերերի հետ՝ փորձելով փոխել թիրախային լսարանի արժեհամակարգը, ընկալումները, հույզերը, դրդապատճառները։
Ինչպե՞ս իդենտիֆիկացնել բոտերին Թվիթերում։
Դժվար է բացահայտել բոտերին, այսինքն՝ ավտոմատացված հաշիվները միայն մեկ չափանիշի միջոցով: Ատլանտյան խորհրդի թվային դատափորձագիտական հետազոտությունների լաբորատորիան (ԹԴՀԼ) սոցիալական կայքերի օգտատերերին թվիթերյան բոտերին բացահայտելու որոշ խորհուրդներ է տալիս:
Գրառումների, ակտիվության հաճախականությունը․ Բոտերը մեծ թվով գրառումներ են անում։ Որքան մեծ է նրանց գրառումների հաճախականությունը, այնքան ավելի զգուշավոր է պետք լինել։ Օքսֆորդի ինտերնետային ինստիտուտի համակարգչային քարոզչության թիմը օրական ավելի քան 50 հաղորդագրության տարածումը համարում է կասկածելի։ ԹԴՀԼ-ն օրական 72 գրառումից ավելն է համարում կասկածելի։ Սա լայնորեն ճանաչված եւ կիրառելի չափանիշ է, բայց կարող է լինել
ամենացածրը։ Աղբյուր՝ ԹԴՀԼ, Լուսանկարը՝ Թվիթերից
Անանունությունը․ Բոտերը հաճախ չեն ունենում որևէ անձնական տեղեկատվություն։
Պատճենում․ Բոտի տարեգիրքը հաճախ պարունակում է վերաթվիթեր եւ բառացի մեջբերումներ․ ինքնատիպ ձևակերպումներով գրառումները խիստ հազվադեպ են։ Բոտերի հիմնական գործառույթներից մեկն այլ օգտատերերի գրառումների խթանումն է: Հետևաբար, տիպիկ բոտի տարեգիրքը բաղկացած է վերաթվիթերից, նորությունների վերնագրերի բառացի մեջբերումներից, իսկ ինքնատիպ գրառումները կամ քիչ են կամ բացակայում են։
Աղբյուր՝ ԹԴՀԼ, Լուսանկարը՝ Թվիթեր
Ընդհանուր բովանդակություն. Բոտերի ցանցերը հեշտությամբ կարող են հայտնաբերվել, եթե նկատենք, որ բազմաթիվ հաշիվներ գրեթե միաժամանակ թվիթ են անում նույն բովանդակությունը։
Լուսանկարը՝ Stopfake.org-ի
Բոտոմետրը Թվիթերում բոտերի հայտնաբերման օգտակար ռեսուրս է։ Այն Ինդիանայի համալսարանի Ցանցային գիտության ինստիտուտի (ՑԳԻ) եւ Կոմպլեքս ցանցերի եւ համակարգերի հետազոտությունների կենտրոնի (ԿՑՀՀԿ) համատեղ ծրագիրն է: Բոտոմետրը ստուգում է Թվիթերի հաշվի ակտիվությունը եւ գնահատական տալիս դրան՝ հիմնվելով այն բանի վրա, թե որքանով է հավանական, որ տվյալ հաշիվը լինի բոտ։ Բարձր միավորներ ունեցող հաշիվները բոտ լինելու ավելի մեծ հավանականություն ունեն։
Այս ծառայության օգտագործումը պահանջում է Թվիթերի հաստատում ձեր սեփական հաշվի միջոցով։ Որոնման դաշտում նշեք Թվիթերում օգտատիրոջ անունը։ Բոտոմետրը հնարավորություն է տալիս ստուգել հաշիվը, նրա հետեւորդներին եւ օգտատերերի ընկերներին:
Ինչպե՞ս իդենտիֆիկացնել տրոլերին։
Տրոլերի առցանց գործունեությունն ունի մի քանի բնութագրիչներ, որոնց միջոցով մենք կարող ենք հայտնաբերել դրանց․
Քայլ 1. Ուսումնասիրեք տրոլերի կողմից գրված մեկնաբանությունները, որոնք․
-
Ամբողջությամբ կոնտեքստից դուրս են․ քննարկումը կարող է բոլորովին այլ թեմայով լինել, բայց տրոլերը կարող են տարածել տվյալ հարցի հետ որևէ կապ չունեցող մեկնաբանություններ։
-
Երկար են, կամ հակառակը՝ սակավաբառ, պարունակում են կոչեր, անվստահելի աղբյուրների հղումներ․ մի կողմից, տրոլը կարող է որոշակի թեմաների վերաբերյալ երկար մեկնաբանություններ անել՝ ծանրաբեռնելով քննարկումը անհեթեթ տեղեկություններով՝ իրական օգտատերերի վրա ազդելու նպատակով: Մյուս կողմից, տրոլը կարող է մի քանի բառից բաղկացած կոչեր անել, որոնք ուղեկցվում են անվստահելի, տաբլոիդային կամ անհայտ մեդիա ռեսուրսների հղումներով:
-
Ագրեսիվ են․ իրենց ցանկալի դիրքորոշումը պաշտպանելու կամ հանրահռչակելու համար տրոլերն իրական օգտագործողների հետ հարաբերություններում օգտագործում են ագրեսիվ լեզու։ Նրանք կառչում են մեկ, արմատական դիրքորոշումից, որը երբեք չի փոխվում: Կարեւոր չէ, թե որքան ճիշտ եւ հիմնավոր փաստարկ կներկայացնեք տրոլի հետ վեճում: Վերջինիս հիմնական գործառույթն է արտահայտել սեփական դիրքորոշումը եւ որքան հնարավոր է շատ օգտատերերի համոզել իր դիրքորոշման ճշմարտացիության հարցում։.
-
Պարունակում են լեզվաբանական և քերականական սխալներ․ այլ երկրում ապրող և այլ լեզվով խոսող տրոլի հետ գործ ունենալիս կարող ենք նկատել, որ վերջինս հաճախ անում է քերականական սխալներ կամ այլ լեզվով գրառումներ։
Քայլ 2. Վերլուծեք տրոլերի անձնական էջերը
-
Ուսումնասիրեք «Իմ մասին» բաժինը, որը, որպես կանոն, պրոֆիլի սեփականատիրոջ մասին սակավ տեղեկատվություն է տրամադրում: Իրական օգտատերերն օգտագործում են սոցիալական ցանցերը այլ օգտատերերի հետ փոխգործակցության եւ կապ հաստատելու համար: Այս նպատակով նրանք տրամադրում են անձնական տեղեկատվություն, օրինակ՝ ծննդյան ամսաթիվ, ընտանիքի անդամներ, աշխատավայր, կրթություն եւ այլն: Ինտերնետային տրոլերը կամ չեն տրամադրում որևէ տեղեկատվություն կամ կեղծ տեղեկություններ են տրամադրում։ Օրինակ, հաճախ տրոլերը Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում են որպես իրենց ծննդավայր, իսկ Ֆեյսբուքը կամ այլ հայտնի ապրանքանիշերը եւ ընկերությունները՝ որպես իրենց աշխավայր։
-
Նայեք լուսանկարները․ Տրոլերը հազվադեպ են ավելացնում անձնական լուսանկարներ որպես պրոֆիլի լուսանկար եւ հետնանկար, չեն ունենում լուսանկարների ալբոմներ: Դեպքերի մեծամասնությունում լուսանկարների քանակը չափազանց փոքր է, կամ ընդհանրապես լուսանկարներ չկան։ Երբեմն փորձառու տրոլերն այլ օգտատերերի անձնական լուսանկարներ են վերբեռնում իրենց հաշիվներում։ Դա բացահայտելու համար կարող ենք օգտագործել Գուգլ պատկերների որոնման համակարգը, որտեղ կարող ենք վերբեռնել տրոլի գլխավոր նկարը եւ պարզել, թե արդյոք այն պատկերում է որեւէ անձի կամ պետական ծառայողի:
-
Նայեք տեսանյութերը․ Սոցիալական ցանցի օգտատերերի մեծամասնությունը գլխավոր նկարի փոխարեն վերբեռնել է տեսանյութեր, որոնք թույլ են տալիս բացահայտել նրանց բնակավայրը, աշխատավայրը եւ կրթական հաստատությունը, ինչպես նաեւ նրանց ընկերներին եւ հենց օգտատիրոջն ինքնին։ Տրոլերի մեծ մասն իրենց պրոֆիլներում նման տեսանյութեր չունեն:
-
Ուսումնասիրեք նրանց ընկերներին․ Տրոլերը հիմնականում շատ ընկերներ չունեն. Սակայն, կարող ենք հանդիպել որոշ տրոլերի, որոնք ունեն հազարավոր ընկերներ: Եթե տրոլերի ընկերների ցանկում գերակայում են օտարերկրացիները, իսկ տեղացիները փոքրաթիվ են կամ ընդհանրապես ներկայացված չեն, կարող ենք եզրակացնել, որ դա կեղծ պրոֆիլ է:
-
Ուշադրություն դարձրեք նրանց լրահոսում առկա նյութերին․ Ուշադրություն դարձրեք տարածվող քոնթենթին, լուսանկարներին, տեսանյութերին: Տրոլերը հիմնականում տարածում են հստակ գաղափարախոսությամբ եւ ուղերձներով գրառումներ, որոնք պարունակում են իրենց զգացմունքների եւ դիրքորոշումների մասին տեղեկատվություն: Հաճախ հնարավոր է գտնել տաբլոիդներին եւ անհայտ լրատվամիջոցներին հղումներ, որոնք իրենց լրահոսերում տարածում են ապատեղեկատվություն ։
Քայլ 3. Նշեք կեղծ հաշիվները՝ դրանով իսկ օգնելով այլոց իդենտիֆիկացնել դրանք։
-
Հաճախ, այս կամ այն կեղծ հաշիվն արդեն մեկ այլ օգտատիրոջ կողմից նույնականացվել է որպես տրոլ, ինչը հավելյալ օգնում է մեզ բացահայտել դրանք: Համացանցը տրոլերից պաշտպանելու գործում ձեր նպաստն ունենալու համար վերստուգելուց հետո պարզապես մեկնաբանություն թողեք, ինչը թույլ կտա այլ օգտվողներին բացահայտել տրոլերին։
Ֆեյսբուքյան էջի վերլուծություն․ Որոնման համակարգեր
Ինտերնետային տրոլերին հայտնաբերելու համար օգտատիրոջ պրոֆիլը վերլուծելիս կարեւոր է նրանց մասին համապարփակ տեղեկատվություն գտնելը: Այս գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու եւ ժամանակ խնայելու համար մենք կարող ենք օգտագործել բաց առցանց ռեսուրսները, որոնք հնարավորություն են տալիս ամենակարճ ժամկետում ցանկացած օգտատիրոջ պրոֆիլի խորը վերլուծություն իրականացնել:
Ֆեյսբուքի գրաֆիկների որոնման համակարգը (Graph.tips) մեկ այլ օգտակար որոնման համակարգ է, որը Սթալքսկանի նման հանրային տեղեկատվություն է տրամադրում օգտատերերի մասին, Ֆեյսբուքի գաղտնիության քաղաքականությանը համապատասխան: Ավելին, Ֆեյսբուքի գրաֆիկների որոնման համակարգը հնարավորություն է տալիս միաժամանակ մուտքագրել երկու կամ ավելի օգտատերերի տվյալներ և բացահայտել նրանց միջեւ կապերը։
Ֆեյսբուքի գրաֆիկների որոնման համակարգը առաջարկում է այն ցանկը, որից մենք կարող ենք ընտրել անհրաժեշտ չափանիշները․
-
Օգտատիրոջ կողմից հավանության արժանացած կամ վերբեռնված լուսանկարները, տեսանյութերը և գրառումները,
-
Օգտատիրոջ կողմից տարբեր գրառումների, տեսանյութերի և լուսանկարների ներքո արված մեկնաբանությունները,
-
Բովանդակությունը, որում օգտատերը նշվել է այլ օգտատերերի կողմից,
-
Հավանած էջերը,
-
Օգտագործվող հավելվածները,
-
Հաստատությունները, որոնցում օգտատերը գրանցվել է (check-in),
-
Միջոցառումները, որոնց օգտատերը մասնակցել է,
-
Բարեկամները և ընկերները։
Երկու և ավելի օգտատեր նշելու դեպքում որոնման համակարգը հնարավորություն է տալիս որոնել․
-
Վերջիններիս կողմից հավանության արժանացած լուսանկարները և ֆեյսբուքյան էջերը,
-
Վայրերը, որտեղ վերջիններս գրանցվել են (check-in),
-
Գրառումները և լուսանկարները, որոնց ներքո վերջիններս մեկնաբանություն են թողել,
-
Լուսանկարները, որոնցում վերջիններս նշվել են այլ օգտատերերի կողմից,
-
Ընդհանուր ֆեյսբուքյան խմբերը,
-
Միջոցառումները, որոնց վերջիններս մասնակցել են։
Նման որոնումը հնարավորություն է տալիս հետաքրքիր կապեր գտնել օգտատերերի միջև, ինչը շատ դժվար կլիներ նրանց էջերն առանձին-առանձին դիտարկելու դեպքում։