Խոսքի և արտահայտման ազատություն
Արտահայտման ազատության իրավունքը հատուկ տեղ ունի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համակարգում և երբեմն անվանվում է «իրավունքների իրավունք» (իրավունք, որը մյուս բոլոր իրավունքների երաշխիքն է)։ Պատճառը պարզ է․ ոչ մի այլ իրավունք չի կարող երաշխավորված լինել առանց արտահայտման ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքի։ Այս իրավունքը մեծագույն կարևորություն ունի ժողովրդավարական հասարակությունում բազմակարծությունը և ինքնավարությունն ապահովելու համար:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական հռչակագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի արտահայտման ազատության իրավունք, և այդ իրավունքը ներառում է անկախ սահմաններից, առանց պետական մարմինների միջամտության՝
- կարծիք ունենալու իրավունքը;
- տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը։
Հռչակագրի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կարող է սահմանափակվել ի շահ ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակական անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունը կանխելու, առողջությունը և բարոյականությունը պաշտպանելու, այլոց հեղինակությունը և իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական եղանակով ստացված տեղեկատվության հանրայնացումը կանխելու, կամ դատարանի հեղինակության և անկողմնակալության պահմանպան համար, միայն այն դեպքերում, երբ այդ սահմանափակումները բավարարում են բոլոր հետևյալ չափանիշներին․
- նախատեսված են օրենքով,
- հետապնդում են իրավաչափ նպատակ,
- անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում։
Խոսքի և արտահայտման ազատության իրավունքի երաշխիքները
Խոսքի և արտահայտման ազատության իրավունքի ամբողջական իրացումն ապահովելու համար կարևոր է ունենալ հետևյալ սկզբունքների վրա հիմնված ուժեղ օրենսդրական երաշխիքներ․
- Զրպարտության ապաքրեականացում․ զրպարտության համար քրեական պատասխանատվության ենթարկելը 1) անհամաչափ է անձի հեղինակությանը հասցված վնասի փոխհատուցման նպատակին, 2) կարող է օգտագործվել հակաժողովրդավարական և անցումային ժողովրդավարություն ունեցող երկրներում որպես քննադատական կարծիքը ճնշելու և լռեցնելու միջոց, 3) «սառեցնող ազդեցություն» է ունենում, երբ լրագրողը/ քաղաքացին ինքնագրաքննվում է՝ վախենալով պատասխանատվությունից և զերծ մնում քննադատական կարծիք կամ տեղեկատվություն հրապարակելուց։ Հետևաբար՝ կարևոր է զրպարտությունը դասել քաղաքացիական իրավունքի խախտումների, այլ ոչ քրեորեն պատժելի արարքների թվին։.
- Փաստի և կարծիքի տարանջատումը․ փաստի և կարծիքի տարանջատումը օրենդրության մեջ և բացարձակ նախապատվությամբ կարծիքի պաշտպանությունը արտահայտման ազատության իրավունքի ամենակարևոր երաշխիքներից մեկն է։ Կարծիքը գնահատող դատողություն է, տեսակետ, մեկնաբանություն, ինչպես նաև ցանկացած միջոցով գաղափարների փոխանակում, որն արտացոլում է անձի, դեպքի կամ առարկայի նկատմամբ վերաբերմունք, որը չի պարանակում ապացուցելի կամ հերքելի փաստեր։ Փաստը միշտ ենթակա է ապացուցման և ուղեկցվում է ապացույցներով։ Կարծիքը պաշտպանված չէ, եթե փաստը, որի վրա հիմնված է կարծիքը, էականորեն կեղծ է և դիտավորյալ կերպով տարածված։
- Դատարանի երաշխիքները․ Լրագրողի կողմից հրապարակված զրպարտությանն առնչվող դատական գործում պատասխանողը պետք է լինի ոչ թե լրագրողը, այլ լրատվամիջոցի սեփականատերը։ Այս դրույթը, մի կողմից, երաշխավորում է լրագրողների պաշտպանությունը, մյուս կողմից նպաստում լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների ստեղծմանը։ Լրատվամիջոցը չի կարող համարվել պատշաճ պատասխանող, եթե այն պարզապես տեխնիկապես ապահովել է հայտարարության, պնդման տարածումը, ոչ պատշաճ պատասխանողներ են նաև մարդկանց անորոշ խումբը, պետությունը և վարչական մարմինները։ Ոչ պատշաճ են համարվում նաև հայցվորները, որոնց միանշանակ կերպով հնարավոր չէ նույնականացնել։
- Ապացուցման բեռը․ Դատական վեճի դեպքում արտահայտման ազատության իրավունքի սահմանափակման անհրաժեշտության ապացույցի բեռը պետք է կրի հայցվորը, որը պետք է ապացուցի, որ պատասխանողը տարածել է կեղծ փաստեր, և որ այդ փաստական հանգամանքները արատավորել են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։ Պետական պաշտոնյայի մասնակցությամբ դատական գործի դեպքում այլ չափանիշներ են կիրառվում։ Այս դեպքում վերջինս պետք է ապացուցի, որ եղել է փաստացի դիտավորություն կամ անփութություն․ հրապարակումն արվել է ՝ նախապես իմանալով, որ տարածվող տեղեկությունները կեղծ են, կամ որ պատասխանողը դրսևորել է անփություն, որի հետևանքով կեղծ տեղեկություններ են հրապարակվել։
- Աղբյուրի գաղտնիության պաշտպանություն․ Առանց գաղտնիության պաշտպանության երաշխիքների տեղեկատվության աղբյուրները կարող են հետ կանգնել մամուլին՝ հանրային շահին առնչվող հարցերի վերաբերյալ հասարակությանը տեղեկացնելու հարցում աջակցելու գաղափարից, ինչը կենսական նշանակություն ունի ժողովրդավարական հասարակությունում ինքնավարության ապահովման տեսանկյունից։
- Ազդարարների (whistleblowers) պաշտպանություն․ Ազդարարների պաշտպանությունը նշանակում է անձին պատասխանատվությունից ազատում, եթե օրենքով պաշտպանված գաղտնիքի հանրայնացումը հետապնդում է հասարակության իրավաչափ շահերը պաշտպանելու նպատակ, և եթե գաղտնիքի բացահայտման նպատակը հասարակության օրինական շահերը պաշտպանելն է, և եթե պաշտպանված շահն ավելի մեծ է, քան պատճառած վնասը։ Ըստ Եվրոպական դատարանի՝ ազդարարի գործողությունները կարող են փրկել հասարակությանը ավելի մեծ վնասից, քան կոնկրետ տեղեկատվության գաղտնիության խախտումը։