Ատելության խոսքի կարգավորումը
Ատելության խոսքը կարգավորող չափանիշները տարբեր երկրներում տարբեր են։ Թեև ատելության խոսքը Եվրոպական Միության անդամ երկրների մեծ մասում քրեական հանցագործություն է, ԱՄՆ-ում կարծիքը, այդ թվում ատելության խոսքը, պաշտպանվում է բացարձակ գերակայությամբ, բացառությամբ դեպքերի, երբ կա բռնության հստակ, առկա և անխուսափելի վտանգ: Հստակ եւ առկա վտանգի առկայությունը ստուգելու ժամանակ արտահայտվելու ազատության սահմանափակումը որոշվում է այն վտանգի եւ վնասների հաշվառմամբ, որոնց պատճառ կարող է այդ արտահայտությունը դառնալ: Հստակ եւ առկա վտանգի ամենավառ օրինակն է 1994 թ. թութսիների էթնիկ խմբերի ցեղասպանության հիմքերի նախապատրաստումը եւ Ռուանդայի ռադիոալիքի (Thousand Hills Free Radio and Television, RTLMC- ի) կողմից թութսիների ոչնչացման ուղղակի կոչերը, որոնց հետևանքով մահացավ 800 հազար մարդ:
Ատելության խոսքը Վրաստանում նույնպես քրեականացված չէ, բացի այն դեպքերից, երբ կա հստակ եւ առկա վտանգ։ Ատելության խոսքին առնչվող ծրագրային սահմանափակումներ են սահմանված միայն հեռարձակողների համար, որոնք արգելում են նրանց հեռարձակել հաղորդումներ, որոնք վիրավորում եւ խտրական վերաբերմունք են ցուցաբերում անձի կամ խմբի հանդեպ՝ ելնելով նրանց ֆիզիկական կարողություններից, էթնիկ ծագումից, կրոնից, աշխարհընկալումից, սեռից, սեռական կողմնորոշումից և այլ հատկանիշներից կամ կարգավիճակից, կամ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում նման հատկանիշների կամ կարգավիճակի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է ծրագրի բովանդակության համար եւ նպատակ ունի նկարագրել նման ատելությունը։
Ատելության խոսքի կարգավորումները բոլոր երկրներում էթիկայի եւ վարքագծի կանոնների մի մաս են կազմում եւ նեգատիվ ու պոզիտիվ պարտավորություններ առաջացնում:
Նեգատիվ պարտավորություններ
- ԶԼՄ-ները չպետք է հետապնդեն, մեկուսացնեն մարդկանց, խմբի կամ խմբերի, որոնք այս կամ այն կերպ տարբերվում են հասարակությունից:
- ԶԼՄ-ները պետք է զերծ մնան ռասայական, լեզվական, գենդերային, կրոնական, քաղաքական հայացքների, էթնիկ, աշխարհագրական կամ սոցիալական պատկանելության հիման վրա ատելություն կամ անհանդուրժողականություն սերմանող նյութ հրապարակելուց։
- Երրորդ կողմի ատելության խոսք պարունակող հայտարարությունները լուսաբանելիս կարեւոր է, որ ԶԼՄ-ները հաշվի առնեն.
- բանախոսի կարգավիճակը;
- հաղորդագրության տարածման տարածքը;
- եւ համատեքստը:
Եթե բանախոսը հանրային մարդ է, լրատվամիջոցները պետք է լուսաբանեն նման հայտարարությունը, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի այն մասին, թե որքան անհանդուրժող է այս հանրային անձը։ Միեւնույն ժամանակ, լուսաբանումը պետք է հավասարակշռված լինի այլ անձանց մեկնաբանություններով, կամ լրատվամիջոցները պետք է նշեն, թե ինչպիսի պնդման հետ գործ ունի հասարակությունը: Ոչ հանրային անձանց կողմից արված ատելության խոսք պարունակող հայտարարությունների լուսաբանումը, բացի այն դեպքերից, երբ դա նպատակ ունի հասարակության մեջ գերակշռող անհանդուրժողականության խնդիրն ի ցույց դնելու, արդարացված չէ։
- ԶԼՄ-ները չպետք է նշեն մարդու էթնիկ, կրոնական, գենդերային, սոցիալական կամ այլ ինքնությունը, եթե դա էական չէ խնդրի լուսաբանման համար:
- ԶԼՄ-ները չպետք է նշեն անձի ինքնությունը հանցագործություն, ահաբեկչություն կամ այլ հանցավոր գործողություններ լուսաբանելիս՝ կարծրատիպեր ստեղծելուց եւ կոնկրետ հանցագործությունը կոնկրետ խմբի կապելուց խուսափելու համար, քանի որ հանցագործությունը չունի ազգություն։
- Լրատվամիջոցները պետք է ձեռնպահ մնան բացասական իրադարձությունների եւ կոնկրետ խմբերի միջեւ անհիմն զուգահեռներ տանելուց՝ ընդհանրացնելով մեկ կոնկրետ փաստը և այն վերագրելով ամբողջ խմբին։
Դրական պարտավորություններ
- ԶԼՄ-ները պետք է նպաստեն փոքրամասնությունների հիմնահարցերի ընդգրկուն լուսաբանմանը: Տարբեր էթնիկ, կրոնական, գենդերային եւ սոցիալական խմբերի ներկայացուցիչները լրագրողական նյութի սուբյեկտ են, այլ ոչ օբյեկտ, այդ և պատճառով կարեւոր է նման խնդիրներ լուսաբանելիս հարցնել նրանց կարծիքը։
- Լրատվամիջոցները հաճախ հետաքրքրություն են ցուցաբերում տարբերվող ինքնություն ունեցող անձանց առնչվող թեմաների շուրջ, երբ խոսք է գնում կոնֆլիկտի կամ բացասական իրադարձության մասին։ ԶԼՄ-ները պետք է նաեւ լուսաբանեն փոքրամասնությունների խնդիրները, որոնք ոչ թե հետապնդում կամ մարգինալացնում են նման խմբերին, այլ հանրությանը ցույց տալիս, որ մարդիկ կարող են ընդհանուր շատ բան ունենալ, չնայած տարբեր ինքնություններին: